Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ավելի քան 6 տարիների գործունեությունն առանձնացել է Հայաստան-սփյուռք հարաբերությունների արդիականացմանը միտված ծրագրերի ու միջոցառումների իրականացմամբ։
«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ներկայացնելով գրասենյակի 6.5 տարիների ընթացքում իրականացված ծրագրերն ու արդյունքները, նշեց, որ հայության համար այդ ժամանակահատվածն աչքի է ընկել առանձնահատուկ իրադարձություններով, որոնք իրենց ազդեցություն են ունեցել նաև գրասենյակի գործունեության վրա։
Սինանյանի խոսքով՝ գրասենյակի գործունեության առանցքում եղել է Հայաստան–սփյուռք հարաբերությունների արդիականացումը՝ հիմնված ավելի գործնական, իրականության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքական ու պետական համակարգը սփյուռքի համար առավել թափանցիկ դարձնելը։



