Հայաստանում 2026 թվականից պարտապանը կարող է արգելադրված գույքը, օրինակ՝ բնակարանը, մինչև հարկադիր էլեկտրոնային աճուրդը վաճառել կամ տալ վարձակալության: Սահմանվել են նաև էլեկտրոնային աճուրդը վիճարկելու հիմքերը, փոխվել է կատարողական ծախսի հատուցման չափը: Նոր օրենքի կարմիր թելն է՝ հարկադրանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, բարեխիղճ ու կարգապահ քաղաքացին չպետք է տուժի:
«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով սահմանված փոփոխություններն է ներկայացրել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Կատարողական վարույթի մասին» օրենքի համահեղինակ Տիգրան Մարկոսյանը:
Նախկինում արգելանքի առկայությունը ենթադրում էր տնօրինման բացարձակ սահմանափակում, այսինքն՝ պարտապանը, որի գույքի վրա արգելանք էր կիրառվել, այդ առնչությամբ որևէ հնարավորություն չուներ:



