Երեխաների հիմնահարցերի ոլորտում պետական քաղաքականության առանցքում երեխայի լավագույն շահն ու ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումն է։
«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում այս մասին նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ պետության ամբողջական հոգածության ներքո են գտնվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնց խնամքն ու դաստիարակությունը կազմակերպվում է շուրջօրյա 4 հիմնական կազմակերպություններում։
«Երեխաների հետ տարվող աշխատանքներում առանձնակի շեշտադրում ունի մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, որովհետև համապատասխան տարիքային շեմը հատելիս՝ արդեն կարևորագույն դեր ունի մասնագիտական կողմնորոշումը, նրանց մասնագիտության ընտրելու հետ կապված հարցերը։ Կազմակերպություններում խնամվող երեխաները ինտենսիվ համայնքային ծառայություններից են օգտվում, ընդգրկված են բազմաբնույթ, արտակենտրոն խմբակներում, արտադպրոցական պարապմունքներում։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի երեխաները ներառվեն հասարակության մեջ, համայնքային ծառայություններից օգտվեն, ինչը հիմքում մի կարևոր գաղափար ունի՝ հետագայում սահուն անցումն անկախ կյանքի»,- նշել է Ստեփանյանը։



