«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը մինչ օրս աջակցել է ավելի քան 100 ուսանողի՝ նրանց ապահովելով մասնագիտական պրակտիկայով, ուսման վարձի մասնակի փոխհատուցմամբ և աշխատանքի տեղավորման հնարավորությամբ։ Այս տարի հիմնադրամը պատրաստվում է աջակցել ևս 100 ուսանողի։
«Արմենպրես»-ի հետ զրույցում «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանն ընդգծեց, որ կառույցի առաքելությունը մեկանգամյա աջակցությունը չէ, այլ երկարաժամկետ և կայուն զարգացումը։
Նրա խոսքով՝ հիմնադրամը նպատակ ունի մարդկանց տալ գործիքներ՝ սեփական ապագան կառուցելու համար՝ ձևավորելով ինքնաբավ հասարակություն և ամուր պետություն։ «Մեր ծրագրերը միտված են ոչ թե կարճաժամկետ օգնությանը, այլ կայունության ապահովմանը։ Մենք ցանկանում ենք, որ երիտասարդներն ունենան ապագայի տեսլական և զարգացման հստակ ճանապարհ»,-նշեց Սոլոմոնյանը։



